Նորություններ

Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ի բացումը

Այսօր Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը կազմակերպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Այս միջոցառումը համախմբել է Հայաստանից և Սփյուռքից ամենատարբեր ոլորտների հարյուրավոր մասնագետների:

Բացման ընդունելությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ և հանդիպման վայր, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ, իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջ մղման գործում, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանն ու ռազմավարական զարգացմանը՝ որպես 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք, արդիական պետություն»:

Ելույթ ունեցան նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Առաջիկա երեք օրերին սպասվում է հագեցած աշխատանքային ծրագիր։